
Նիկոլ Փաշինյանը նախատեսում է փետրվարին այցելել ԱՄՆ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է այց կատարել ԱՄՆ: Այն նախատեսվում է փետրվարի սկզբից։ Սրա մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին Փաշինյանը հանդես կգա ելույթով։
Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ՝ ամրապնդելով երկու երկրների համագործակցությունը։
Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։
Միացյալ Նահանգները 2024 թվականի հունվարի 5-ին Ադրբեջանին ընդգրկել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո կրոնական ազատության լուրջ խախտումներում ներգրավված լինելու կամ դրանք հանդուրժելու համար:
Հայաստանը այս միջազգային կրոնական ազատության դաշինքին միացել է 2020 թվականի hունիսի 12-ին։ Դաշինքը կոչված է միավորելու կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներին` քննարկելու, թե ինչ քայլեր են պատրաստ իրականացնել մասնակից երկրները` կրոնի և համոզմունքի ազատության խրախուսման, ինչպես նաև աշխարհում կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար: