ՀայաստանՔաղաքականություն

Չնայած սառեցված անդամակցությանը՝ ՀԱՊԿ-ը շարունակում է դաշնակից համարել Հայաստանին

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության «Հայաստանի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ» 2025 թվականի տարեկան զեկույցին ի պատասխան՝ ՀԱՊԿ-ը նշել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հայաստանին դաշնակից է համարում։ Սրա մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը։

ՀԱԿՊ-ից հավելել են, որ աշխատանքային ռեժիմով շարունակում են աշխատել Երևանի հետ։

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հունվարի 23-ին հրապարակված զեկույցում նշել էր, որ «ՀԱՊԿ անգործունակությունը (անկենսունակությունը) Հարավային Կովկասում արձագանքելու այն խնդիրներին, որոնք ՀԱՊԿ կանոնադրական նպատակներն են, 2025 թվականին ամենայն հավանականությամբ չի փոխվի։ Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ նշանակում է, որ անվտանգային այս կառույցի հեղինակությունը կշարունակի մնալ էականորեն կասկածի տակ և հետևությունների աղբյուր մյուս անդամ պետությունների համար»։

Հայաստանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ տարվա սեպտեմբերին՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ, հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։