ՀայաստանՔաղաքականություն

ԵԽԽՎ-ի նոր բանաձևը Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել Բաքվում պահվող Արցախի ղեկավարությանն ու մյուս ռազմագերիներին

Ստրասբուրգում մեկնարկած Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) բարձր է գնահատում Երևանի շարունակական հանձնառությունն իր ժողովրդավարական զարգացմանը՝ չնայած անվտանգության զգալի մարտահրավերներին, որոնց նա բախվում է։

Վեհաժողովը ափսոսանք է արտահայտում, որ քաղաքական մթնոլորտը շարունակում է Հայաստանում մնալ չափազանց բևեռացված և հակասական, կոչ է արվում բոլոր շահագրգիռ կողմերին բարելավել հարաբերությունները խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության միջև: Վեհաժողովը կոչ է անում իշխանություններին շարունակել բարեփոխումների իրականացումն արդարադատության համակարգի, ԶԼՄ-ների և խոսքի ազատության ոլորտներում։

Ադրբեջանին վերաբերվող փաստաթղթում վեհաժողովը անդրադառնում է նաև ապօրինի պահվող հայ ռազմագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ ԵԽԽՎ-ի հաղորդագրության մեջ նշված է, որ միջազգային կառույցը շարունակում է կրկնել իր կոչը Ադրբեջանին՝ ազատ արձակել այդ մարդկանց։

ԵԽԽՎ-ի ձեմռային նստաշրջանին Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը նշել է, որ չկա աշխարհում որևէ օրենք, որով հնարավոր լինի արդարացնել հայերի բանտարկությունը և նվաստացումը Բաքվում։ Նշենք նաև, որ ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանին Ադրբեջանի պատվիրակությունը չի ներկայացել։