
Նորքի այգիների տարածքում օտարված հողը վերադարձվել է պետությանը
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Գարեգին Հովսեփյան փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտ, 9420 քմ մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Պայմանագիրը կնքվել է Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյան և Բավական Գևորգյանի միջև:
Հակակոռուպցիոն դատարանը վճիռը ընդունել է 2025 թվականի փետրվարի 3-ին։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Բավական Գևորգյանի միջև 2005 թվականի մայիսի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ:
Նորքի այգիները հատվել են 1990-ական թվականներին, մասնատվել 2004 թվականին և դրանից հետո արդեն սկսվել է հողերի անօրինական վաճառքը։ Ընդհանուր առմամբ՝ Նորքի այգիների անօրինական օտարումների մասով արձանագրվել է 16 դեպք։ Կազմվել է 21 հայց, որից 10-ը՝ հակակոռուպցիոն դատարանում, իսկ 11-ը՝ վարչական դատարանում: Այս գործի շրջանակում Նորքի այգիների կամ Նորքի այգիների տարածքի յոթ հողակտորի պայմանագիր է վիճարկվում։