ՀայաստանՔաղաքականություն

ԵՄ փորձագիտական առաջին առաքելությունը Հայաստանում է․ քննարկվել են վիզաների ազատականացման հարցեր

Եվրոպական Միության փորձագիտական առաջին առաքելության խումբը Հայաստանում քննարկել է մուտքի վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Առաքելությունը փետրվարի 10-14-ը Հայաստանում իրականացնելու է առկա իրավիճակի և խնդիրների վերլուծություն։ Նրանք փորձելու են այս ընթացքում պարզել, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանի քաղաքացիներին ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ։

Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի Ներքին գործերի նախարարությունում։ Փոխնախարար Արմեն Ղազարյանը հանդիպմանն անդրադարձել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում վճռորոշ մի շարք թեմաների, մասնավորապես՝ միգրացիոն ներկայիս իրավիճակին, նոր նմուշի կենսաչափական փաստաթղթերի ներդրմանը, քաղաքացիության հարցերին, միգրացիայի և ապաստանի կառավարմանը, թվայնացման գործընթացներին և այլն։

Ավելի վաղ անդրադարձել էինք ԵՄ ազատականցման խնդրին։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ և քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշել էր, որ իր ազատականցման դեպքում Հայաստանը կունենա «ամուր անձնագիր»:

Ըստ նրա՝ տնտեսական առավելություններից է հայկական արտադրանքի և եվրոպական շուկայի ավելի մերձեցումը: Չնայած դրան՝ նա նշել էր նաև մարտահրավերների մասին։ Գլխավորը փորձագետի համոզմամբ այն է, որ այս ամենը կբերի մարդկանց արտահոսքի։ Շատերը կփորձեն օգտվել հնարավորությունից ու մեկնել Եվրոպա՝ բնակվելու նպատակով։