
Ազգային ժողովը ընդունել է Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի վերաբերյալ օրենքի նախագիծը
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Որոշմանը կողմ է քվեարկել 63, դեմ՝ 7 պատգամավոր։ Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը, ասել է, որ օրենքը կմեծացնի ՀՀ ինքնիշխանության ամրապնդումն ու դիմակայունությունը, կնպաստի տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը՝ ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, կնպաստի ՀՀ ազգային անվտանգության ապահովման մեծացման հնարավորությանը, ՀՀ ազգային բանակի համապատասխանեցմանը ԵՄ երկրների բանակների արդիական չափանիշներին և այլն։
Բավականին դժվար ճանապարհ է սպասվում մեզ՝ տնտեսական իմաստով, տնտեսվարողների կյանքը բարդանալու իմաստով, որովհետև մենք պետք է լուրջ աշխատանք իրականացնենք ապրանքների որակների բարձրացման ուղղությամբ, ինչը նշանակում է նոր փոփոխություններ։ Եվրոպական միություն, եվրոպական քաղաքականություն մտնելու համար պարտադիր է հայտարարգրումը, պարտադիր է ունենալ լավ տրանսպորտ, առողջապահական ապահովագրություն և այլն, — իր ելույթում հայտարարել է ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է, որ իրավական մասով քննարկվող նախագիծը չի կարող օրենք համարվել: Նրա դիտարկմամբ Եվրամիության անդամակցության հարցի լուծումը պահանջում է հանրաքվե, քանի որ անդամակցության որեւէ այլ մեխանիզմ Սահմանադրությամբ չի նախատեսվում: Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ խմբակցության պատգամավորները չեն մասնակցի օրինագծի քվեարկությանը:
Նախագիծը կառավարությունը հաստատել էր հունվարի 9-ի նիստի ժամանակ։ Ստորագրահավաքը մեկնարկել էր սեպտեմբերի 16-ին և տևել մինչև նոյեմբերի 14-ը։ Նախաձեռնող խմբի ղեկավարը «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանն է։ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ հանրաքվե նախաձեռնելու համար անհրաժեշտ է նվազագույնը 50,000 վավեր ստորագրություն։ Նախաձեռնող խմբին հաջողվել է ստանալ համապատասխան ստորագրությունները։
Նշենք, որ վերջին 20 տարիների ընթացքում ԵՄ-ին են միացել 3 պետություններ՝ Բուլղարիան, Ռումինիան և Խորվաթիան։ Շուրջ 38 տարի է արդեն, ինչ Թուրքիան փորձում է դառնալ ԵՄ անդամ։ Սակայն մինչև այժմ դա նրան չի հաջողվում։
Այս պահին Եվրամիության երկրները 27-ն են։