
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է միջազգային դատարանին ձերբակալել Իլհամ Ալիևին
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) դիմել է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ գործ հարուցելու պահանջով:
Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը հանգեցրել են 120,000 հայերի բռնի տեղահանման և նրանց դարավոր մշակութային ժառանգության կորստի:
Իլհամ Ալիևի դեմ գործ հարուցելու պահանջով խորհուրդը Հաագայի դատախազին խնդրում է՝
– համարել, որ 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված հանցագործությունների համար առկա են հետաքննություն սկսելու ողջամիտ հիմքեր,
– դիմել Նախաքննական պալատին՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի նկատմամբ դատարանի տարածքային իրավասության հետ կապված հարցով,
– ձերբակալության միջազգային օրդեր արձակել՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ՝ Իլհամ Ալիևի և բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղում կատարված հանցագործություններին:
Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ին պաշտոնապես միացավ Միջազգային քրեական դատարանին։ Դեռ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը միայն «Քաղաքացիական պայմանագրի» 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը։ Նախագահ Վահագն Խաչատրյանն այն ստորագրեց հոկտեմբերի 14-ին, որից հետո արտաքին գործերի նախարարն այդ մասին տեղեկացրեց քրեական դատարանին:
Հայաստանի վավերացումը քննարկումների առիթ դարձավ։ Պատճառն այն է, որ ՄՔԴ-ն կայացրել էր Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ որոշում՝ կարգադրելով ձերբակալել Պուտինին՝ ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման հիմքով։ Ըստ որի՝ Պուտինի՝ Հայաստան մուտք գործելու պահին Հայաստանը պիտի ձերբակալի նախագահին։ Սակայն, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշել էր, որ Հռոմի ստատուտի վավերացման դեպքում Պուտինին Հայաստանում ձերբակալություն չի սպառնում։
2024 թվականի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի երկու չհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում է միջազգային դատական ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարվելուն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին մանուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանը քննարկվում է ոչ միայն միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու հարցը, այլև այդ վեճերից ընդհանրապես հրաժարվելը։