ՍփյուռքՔաղաքականություն

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը նոր հարձակումների թիրախում

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտնում է, որ Իսրայելի իշխանությունների հարկային պահանջները սպառնում են եկեղեցու գույքի պահպանմանը։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի X-ի էջում ասվում է, որ Երուսաղեմի քաղաքապետարանը ձգտում է բռնագրավել դարեր շարունակ իրեն պատկանող գույքը և այն աճուրդի հանել՝ 1994 թվականից ի վեր իբր գոյացած համայնքային պարտքերը հավաքելու համար: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից ներկայացված վարչական միջնորդության նիստը նշանակվել է փետրվարի 24-ին։ Ըստ այդմ՝ բռնագանձման գործընթացը ժամանակավորապես կասեցվել է միջնորդության ներկայացմամբ։ Եթե պատրիարքարանի միջնորդությունը մերժվի, Երուսաղեմի քաղաքապետարանը կբռնագրավի եկեղեցու գույքը։

Հավաքագրման պատասխանատուն հրաժարվել է վերագնահատել պարտքի վավերականությունը՝ պնդելով, որ առարկությունների վերջնաժամկետն անցել է։ Սակայն պատրիարքարանից հայտնում են, որ դրա վերաբերյալ պատշաճ ծանուցուներ չեն ստացել։ Նրանք հայտարարել են նաև, որ իրենց տեղեկություններով Հայոց պատրիարքարանը միակ քրիստոնեական համայնքն է, որը հայտնվել է թիրախում։

Պատրիարքարանը հիշեցրել է, որ 2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ստեղծել էր կառավարական կոմիտե՝ քրիստոնեական հաստատությունների հարկային վեճերը կարգավորելու համար։ Քաղաքապետարանը, սակայն, շրջանցել է այս գործընթացը և գործարկել հարկային ճնշումների նոր ալիք։