
Արդարադատության նախարարը մանրամասնել է, թե ինչեր կարող են փոխվել նոր Սահմանադրության տեքստում
Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշել է, որ Սահմանադրության փոփոխության արդյունքում կառավարման մոդելի փոփոխություն չի լինելու, նոր տեքստն էլ պատրաստ կլինի մինչև 2026 թվականին սպասվող ընտրությունները։
Մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ են բարձրացվում, օրինակ` սոցիալական իրավունքների շեշտադրումներն են պակաս։ Նոր տեքստում շեշտադրվելու են մարդու իրավունքները, այդ թվում նաև սոցիալական իրավունքների տեսանկյունից,– նշեց Գալյանը։
Սահմանադրության առաջին 3 հոդվածները փոփոխության ենթական չեն։ Այն հարցին, թե արդյոք դրանք կփոփոխվեն նոր Սահմանադրության տեքստում, Գալյանը վստահեցրեց, որ եթե դրանք փոփոխման ենթակա չեն, ապա տրամաբանությունից շեղում չի լինի։ Վարչապետի լիազորությունների փոփոխությունների մասին նա դեռ պատասխան չունի, սակայն նախագահի լիազորությունների հարցը կքննարկվի։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հունվարի 14-ին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարել էր, որ նախարարության նպատակն է մինչև 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունները ունենալ Սահմանադրության նոր տեքստ։ Ընդդիմությունը նշում է, որ փոփոխությունը կատարվում է Ադրբեջանի պահանջով։ Գալյանը շեշտեց, որ Հայաստանը 2018 թվականի հեղափոխությունից հետո սկսել է մշակել Սահմանադրության նոր հայեցակարգ։
Ո՞ւր էր Ալիևը, որ մենք Սահմանադրության փոփոխության հայեցակարգ էինք մշակում։
Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականի օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Նա նշեց, որ համաձայնեցվել է 16 հոդվածից 13-ը։
Խաղաղության պայմանագրի շրջանակներում հաճախ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում էր, թե այն կկնքվի այն դեպքում, երբ Հայաստանը նոր Սահմանադրություն կընդունի, քանի որ Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան։ Մասնավորապես, Բաքվի մեկնաբանությամբ՝ Հայաստանի մայր օրենքում առկա հղումը՝ 1990 թվականին ընդունված Հռչակագիրը, Ադրբեջանից տարածքային պահանջներ է ենթադրում: Ալիևը նշել է, որ Հայաստանի Սահմանադրության տեքստում առկա տարածքային պահանջներն Ադրբեջանի համար խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր խոչընդոտն են։
Չնայած վերոնշյալին՝ Գալյանը շեշտել էր, որ գործող Սահմանադրությունը որևէ խոչընդոտ չի պարունակում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի իրականացման համար։ Նա նշեց, որ Հայաստանում Սահմանադրության փոփոխության հարցը բարձրաձայնվել է դեռևս հեղափոխությունից հետո։