
Գյումրու քաղաքապետարանի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Այս պահին Գյումրու քաղաքապետարանի մոտ շարունակվում է լարված իրավիճակը։ Հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Վերածննդի հրապարակում՝ վանկարկելով «Ամո՛թ, ամո՛թ» և փորձելով կանխել ոստիկանների գործողությունները։ Ոստիկանները, այնուամենայնիվ, շարունակում են ուժային միջոցներով վերահսկել տարածքը, իսկ լրացուցիչ կարմիրբերետավորներ են բերվել՝ ապահովելու կարգուկանոնը։ Այստեղ են ոստիկանության պետի տեղակալ, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության պետի տեղակալ, պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, ոստիկանության պետի տեղակալ, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը։
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս եկավ առանձասենյակից և դիմեց քաղաքապետարանում հավաքվածներին։
Գյումրու քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ ոստիկաններն արդեն Ախուրյանի տուգանային պահման վայր են տեղափոխել համայնքապետարանի տեխնիկան՝ ջրցաններ, աղբատարներ և տրակտոր, ինչպես նաև դրանք ուղեկցող վարորդներին ։
Նշենք, որ ՆԳՆ ոստիկանությունն էլ հաղորդագրություն է տարածել՝ զգուշացնելով, որ րավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը , ՀՀ օրենսդրության համաձայն, կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուժայիններն առավոտյան ներխուժել են Գյումրու քաղաքապետարան, փորձում են բերման ենթարկել համայնքապետ Վարդան Ղուկասյանին, որը մեկուսացել է իր առանձնասենյակում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։