
Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց
Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի արտգործնախարարության և կառավարության շենքերի դիմաց։ Նրանք իրենց հետ վերցրել են նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ դատական նիստի ժամանակ արված լուսանկարները։ Վերջին դատական նիստում Վարդանյանը հյուծված տեսք ուներ։ Նրա դեմքին նաև կապտուկներ կային։
Ցույցից առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, նշելով, որ Երևանը շարունակում է տեղեկություններ ստանալ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին։ Արտգործնախարարությունը նաև հայտարարել է, որ «խորը մտահոգություն են առաջացնում 23 անձանց նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց՝ ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների և նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին»:
Ադրբեջանի առկա վարքագիծը հնարավորություն չի տալիս միայն Հայաստանի ուժերով այս հարցը լուծել։ Սակայն Հայաստանը պետք է հանդիսանա այս հարցը միջազգային հարթակներում բարձրաձայնողը։ Մասնավորապես՝ մենք առաջարկում ենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին հրավիրեն արտգործնախարարություն ւ Հայաստանի Հանրապետության կողմից հստակ պահանջ ներկայացվի, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները օր առաջ պետք է ազատ արձակվեն։ Հայաստանի արտաքին քաղաքականության հստակ օրակարգ պետք է լինի՝ մեր արտաքին քաղաքականության օրակարգում պետք է լինի Բաքվում գտնվող գերիների վերադարձը, որը չի իրականացվում, — հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Արցախի նախկին ղեկավարների ազատ արձակման համար ցույցեր էին կազմակերպվել նաև հունվարի 17-ին։