
Հայաստան-Թուրքիա սահման․ «Մարգարա» անցման կետը ՀՀ վերահսկողության տակ
2025 թվականի մարտի 1-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայություն կիրականացնեն բացառապես ՀՀ սահմանապահ զորքերը։ Այս մասին հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանը։
«Մարգարա» անցման կետը, չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի փակ լինելուն, 2022 թվականի ամռանը հիմնանորոգվել է ՀՀ կառավարության որոշմամբ։ Կամրջի շինարարական աշխատանքները ավարտվել էին 2023 թվականի նոյեմբերին։ Ընդհանուր առմամբ՝ վերանորոգման համար ծախսվել է շուրջ 1 միլիարդ դրամ։ Դրանից հետո այնտեղ ծառայություն էին իրականացնում ՌԴ սահմանապահ զորքերը։
Այս քայլով արդեն Հայաստանի Հանրապետությունից ելք և Հայաստանի Հանրապետություն մուտք գործող բոլոր մարդկանց սահմանային հսկողությունը կիրականացվի բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ուժերով, — հավելել է ՀՀ վարչապետը։
Նշենք նաև, որ նույն սցենարին ականատես եղանք նաև Հայաստան-Իրան սահմանին։ Դեկտեմբերի 30-ից գրեթե նույն տեքստով Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակի անցակետում սահմանային վերահսկողությունն կիրականացնեն միայն ՀՀ Սահմանապահ զորքերի ծառայողները։ Դեռ այդ ժամանակ հայտարարություն էր տարածվել, որ վերջիններիս գործառույթները կընդլայնվեն, և 2025 թվականից նրանց կվերահսկեն նաև Հայաստան-Թուրքիա սահմանը։
Մարգարայի կամրջի վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել 2022 թվականին Վիեննայում։ Այդ ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել նաև ցամաքային ճանապարհը շահագործելուց հետո մեկնարկել նաև Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումները:
Հիշեցնենք, որ Մրգարայի կամուրջը կառուցվել է 1970-ական թվականներին խորհրդային ժամանակաշրջանում և ծառայել է որպես երկու երկրները կապող օղակ։ Սակայն 1993 թվականին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով, Թուրքիան միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ ցամաքային և օդային սահմանները, ինչի հետևանքով կամուրջն այլևս չի գործել։ 1995 թվականին Թուրքիան վերաբացել է օդային սահմանը, սակայն ցամաքային սահմանները մինչ օրս շարունակում են մնալ փակ։ Ճանաարհը գտնվում էր հայ և ռուս սահմանապահների հսկողության տակ։