ՀայաստանՔաղաքականություն

Այսօր մարտի 1-ի գործողությունների 17-րդ տարելիցն է

Մարտի 1-ի գործողություններից անցել է արդեն 17 տարի, սակայն մինչև այժմ այդ գործողությունների հանգամանքները չեն բացահայտվել։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին։ Նա հայտարարել է, որ մարտի 1-ի բացահայտումը եղել է այն կարևոր խնդիրներից մեկը, որը ինքը առաջադրել է։ Այդ իրադարձությունների մասին Փաշինյանը առաջին անգամ չէ, որ խոսում է։ Չնայած այն հանգամանքին, որ նա բազմիցս հայտարարել էր խնդրի բացահայտված լինելու մասին, այնուամենայնիվ մինչև այսօր դեռ ոչ ոք իր պատիժը չի կրել։

Մարտի 1-ի վարույթով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։

Ավելի վաղ՝ 2018 թվականին Փաշինյանը հայտարարել էր, որ այն ամբողջովին բացահայտված է։

Սակայն այսօր Փաշինյանը հերքել էր տարիներ առաջ իր հայտարարությունները։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երևանում մի շարք հակակառավարական գործողություններ տեղի ունեցան, որոնք կապված էին Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հետ։ Գործող իշխանությունը համատարած ընտրակեղծիքների միջոցով ապահովել էր իրավահաջորդի՝ Սերժ Սարգսյանի հաղթանակը։ Դրանից հետո սկսել էին բողոքի ակցիաներ ամբողջ հանրապետությունում։ Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից հետո, երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Երևանի Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ։

Մարտի 1-ին իրադարձությունները հասան հանգուցալուծման։ Վաղ առավոտյան ոստիկանական հատուկ ուժերը հարձակվեցին ու բռնի ուժով ցրեցին Ազատության հրապարակում ընթացող շուրջօրյա հանրահավաքները։ Ցերեկը ժողովուրդը հավաքվեց Մյասնիկյանի արձանի մոտ, և արդեն երեկոյան ռեժիմը դիմեց զենքի՝ կրակելով ժողովրդի վրա: Արդյունքում զոհվեց 10 քաղաքացի, մարմնական վնասվածքներ ստացան հարյուրավորները։ Մր շարք անձինք ձերբակալվեցին և դատապարտվեցին։

Հետագայում այդ քրեական գործերի մեծամասնությունը բողոքարկվեց ՄԻԵԴ-ում և բեկանվեց, «Մարտի 1»–ի գործով շինծու մեղադրանքներով դատապարտվածներն արդարացվեցին։