
Եվրամիության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծի քվեարկությունը հետաձգվել է
Եվրամիության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծի քվեարկությունը հետաձգվել է։ Այս մասին հայտնել է Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Քանի որ մեր քննարկումը տևեց ավելի երկար, քան օրենքով սահմանված վերջնաժամկետն է այս քառօրյայում օրենքի նախագիծը ընդգրկելու համար առաջարկում եմ քվեարկության փուլում հետաձգել նախագծի քննարկումը և արդեն քննարկել ևս մեկ անգամ արդեն հաջորդ քառօրյային կամ արտահերթ նիստում, — հավելել է Եղոյանը։
Նախագիծը հանձնաժողովում կքննարկեն կա՛մ այս շաբաթվա վերջում, կա՛մ հաջորդ շաբաթ։ Եղոյանի խոսքով՝ հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկումն ավելի երկար է տևել, քան նախատեսված էր, ինչի հետևանքով չեն հասցրել նախագիծը մինչ 12:00-ն ներկայացնել Ազգային ժողովի խորհրդին, որպեսզի այն ներառվի այս քառօրյայի օրակարգում։
Նախագիծը կառավարությունը հաստատել էր հունվարի 9-ին, իսկ փետրվարի 12-ին Ազգային ժողովն այն ընդունել էր առաջին ընթերցմամբ՝ 63 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Առաջարկվել էր նախագծի բովանդակային մասը ներկայացնել որպես հոդվածներ, վերաշարադրել որոշ արտահայտություններ և հստակեցնել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը։
Երկրորդ ընթերցմամբ քննարկումը և քվեարկությունը կանցկացվեն հաջորդ քառօրյայում կամ արտահերթ նիստի ընթացքում։