
Հռոմի ստատուտը Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 4-ին հայտարարեց, որ եթե Հայաստանը չվավերացներ Հռոմի ստատուտը, այժմ ավելի վատ վիճակում կլիներ։ Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունը կրկին վերակենդանացրեց քննարկումները Հռոմի ստատուտի մասին։
Հռոմի ստատուտը միջազգային քրեական դատարանի հիմնադիր փաստաթուղթն է, որը ստեղծում է իրավական մեխանիզմներ ծանր միջազգային հանցագործությունների դեմ: Հայաստանը 2023 թվականին միացավ այս միջազգային իրավական համակարգին, որն ունեցավ իր հետևանքները։
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նշում է, որ Հայաստանը դեռևս լիարժեք չի օգտագործել Միջազգային քրեական դատարանի իր հնարավորությունները: Նրա կարծիքով, Հայաստանը պետք է օգտագործի Հռոմի ստատուտը՝ Ադրբեջանի հնարավոր հանցագործությունները ներկայացնելու համար:
Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ եթե Հայասստանը չօգտագործի այս հնարավորությունը, ուժային կառույցների կողմից տպավորություն կստեղծվի, թե Հռոմի ստատուտին միանալը քայլ է եղել Վլադինմիր Պուտինի մուտքը Հայաստան խափանելու համար:
Հռոմի ստատուտը թանկ նստեց Հայաստանի վրա, որովհետև հարվածեց հայ-ռուսական հարաբերություններին։ Հայաստանը վճարել է այդ գինը, և դա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումն է, իսկ երբ պետք է դրա դիմաց ստանա ակնկալվող արդյունքը, հրաժարվում է։
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը կարծում է, որ Հռոմի ստատուտի ընդունումը հիմնականում քաղաքական քայլ էր՝ ուղղված Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավմանը: Նա նաև ընդգծում է միջազգային մեխանիզմների սահմանափակ արդյունավետությունը՝ համաշխարհային քաղաքական ճգնաժամի համատեքստում:
Հայաստանում իշխանությունը պետք է, որ լավ պատկերացներ, որ այդ մեխանիզմը Ադրբեջանի դեմ կիրառման արդյունավետ կիրառման մեխանիզմ չէր։ Ընդհանրապես միջազգային մեխանիզմների կիրառումը խորը ճգնաժամի մեջ է։ Հռոմի ստատուտը որևէ հարց չէր լուծել և չէր էլ կարող լուծել։ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը կարող էր ավելի վատ վիճակում լինել, եթե չընդուներ Հռոմի ստատուտը, բավականին մակերեսային բացատրություն է։
Ռուսաստանի նախագահի՝ Հայաստան գալու ռիսկերի մասին խոսելիս, Հակոբ Բադալյանը նշեց, որ Ռուսաստանը ինքը չի գնա որևէ երկիր, եթե տվյալ երկիրը, իրեն չձերբակալելով, կարող է խնդիր ունենալ այլ երկրների հետ։ Այս դեպքում աշխատում է ոչ թե որևէ միջազգային ինստիտուտ, այլ քաղաքականությունը։
Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին ինչպես դիվանագիտական հնարավորություններ է տալիս, այնպես էլ քաղաքական մարտահրավերներ է ստեղծում։