
Հայաստան-Չինաստան հանդիպում՝ Հայաստանում դեսպանի բացակայության ֆոնին
Չնայած այսօր՝ մարտի 5-ին, հայ-չինական հանդիպում է տեղի ունեցել, բայց 8 ամիս է արդեն Հայաստանում Չինաստանի դեսպան չի նշանակվում։ Այս փաստը կարող է լինել մի շարք քաղաքական ազդակների ազդանշանը, որոնք Հայաստանի և Չինաստանի հարաբերություններում նոր մարտահրավերներ են առաջացնում։
Մինչդեռ՝ երկու երկրների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ Չինաստանը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի քաղաքական անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Հայաստանն էլ իր հերթին վերահաստատել է իր աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին։
Հիշեցնենք, որ Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունն իր դիվանագիտական առաքելությունը ավարտել է 2024 թվականի հուլիսի 11-ին։ Դրանից հետո նոր դեսպան չի նշանակվել։ Դրա փոխարեն Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար է ընտրվել։
Վերջին մի քանի տարիների ընթացքում առհասարակ երկու երկրների միջև համագործակցությունն էլ է թուլացել։ 2019 թվականին կողմերի միջև կնքվել է համաձայնագիր սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին։
Իսկ վերջին խոշոր համաձայնագիրը, որ ստորագրվել է Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև, եղել է տեխնիկատնտեսական համագործակցության մասին 2021 թվականին։
Սակայն Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը շարունակվում է։ Եթե Հայաստանը 2023 թվականին արտահանել է 206 միլիոն 713 հազարի արտադրանք, ապա 2024 թվականին թիվը եռապատկվել է՝ հասնելով 712 միլիոնի։
2023 թվականին Չինաստանից Հայաստան ներմուծումները հասել էին 762 միլիոնի, ապա 2024 թվականին ցուցանիշը իջել է՝ հասնելով 667 միլիոնի։