
Երեկ ձերբակալված քաղաքապետարանի աշխատակիցը այսօր ազատ է արձակվել
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել։ Նրա նկատմամբ սահմանվել է վարչական վերահսկողություն, գրավ և չբացակայելու արգելք։
Արսեն Կարոյանը 2020 թվականի փետրվարին՝ դեռևս Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ էր նշանակվել այս պաշտոնում։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր կաշառք ստանալու մեջ և ձերբակալվել էր մարտի 4-ին։ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռևս չի մանրամասնել, թե ինչու չի բավարարվել կալանավորման միջնորդությունը։
Նշենք, որ նախկինում կալանավորվել էին քաղաքապետարանի ևս 4 աշխատակիցներ։ Նրանցից երկուսը՝ հասարակական կարգի պահպանության ղեկավար Արամ Գյուլզադյանն ու հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը քաղաքապետարանում էին աշխատում նաև մինչև ձերբակալվելը, իսկ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին ղեկավար Ռոբերտ Դարբինյանը և նրա տեղակալ Արամ Այվազյանը մինչև ձերբակալվելը ազատվել էին աշխատանքից։ Նախնական տվյալներով՝ նրանք նույնպես մեղադրվում են կաշառք տալու, ստանալու մեջ։