
Եղիշե Կիրակոսյանը ցանկանում է կենտրոնանալ ակադեմիական գործունեության վրա
Մարտի 5-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ազատման դիմում էր գրել։ Նա հայտարարել էր, որ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս ամիսներ առաջ։
Մամուլում տարբեր տեղեկություններ էին տարածվում նրա որոշման պատճառների վերաբերյալ։ Այնուամենայնիվ՝ մարտի 6-ին Եղիշե Կիրակոսյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, նշելով, որ ցանկանում է «առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով Հայաստանում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը»։
Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը։ Շնորհակալ եմ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի թիմին, դատական և արբիտրաժային վարույթների շրջնակներում ներգրավված միջազգային իրավախորհրդատւներին՝ իրենց անձնվեր և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Վստահ եմ, որ Գրասենյակը կշարունակի պատշաճ և արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի շահերի ներկայացումը միջազգային դատական և արբիտրաժային գործընթացների շրջանակներում։
Նշենք, որ Եղիշե Կիրակոսյանը 2018 թվականին եղել է վարչապետի խորհրդական։ Նա նախաձեռնել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրենքի մշակումը և ներկայացումը Ազգային ժողով, որի հիման վրա ստեղծվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ Այն զբաղվել է Մարդու իրավունքների եվրոպատական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ միջպետական գանգատների ներկայացման աշխատանքներով։
Թե ինչքանո՞վ է նրա հեռացումը կապված խաղաղության պայմանագրի հետ, դեռ պարզ չէ։ Նշենք, որ Կիրակոսյանի ներկայացրած միջազգային հայցերի հետկանչը, խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից է։