
Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական հռչակագիր է ստորագրվել
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը ստորագրել են Հայաստանի և Նիդեռլանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության խորացում, ներառյալ՝ պայքար հիբրիդային վտանգների, սպառնալիքների դեմ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և իրավունքի գերակայության խթանում և մարդկանց միջև շփումներ:
Առանձին կետեր կան նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման մասին։ Հռչակագրի ընդհանուր բովանդակությունը կհայտարարվի ավելի ուշ։
Սա մեր հարաբերությունների զարգացման ճանապարհին պարզապես հերթական այց չէ։ Այսօր մենք թևակոխում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք Հայաստանի և Նիդեռլանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ։ Սա նոր հանգրվան է, որը թե՛ խորհրդանշական է, թե ՛միևնույն ժամանակ պարտավորեցնող, ուստի շնորհավորում եմ բոլորիս այս կետին հասնելու կապակցությամբ, — հայտարարել է Միրզոյանը։
Նշենք, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1997 թվականից։ Հայաստանը ռազմավարական պայմանագրեր ունի Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների հետ։ Վերջերս նաև ԱՄՆ-ի հետ կնքվել էր ռազմավարական գործընկերության կանոնադրություն։