ՀայաստանՔաղաքականություն

9 մեքենա կտրամադրվի օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական մարմիններին

Արտաքին գործերի նախարարությունից կրճատվող 14 մեքենաներից նոր և տեխնիկապես լավ վիճակում գտնվող 9-ը մեքենա կտրամադրվի օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական մարմիններին։ Որոշումը ընդունվել է կառավարության մարտի 13-ի նիստում։

Ծրագրի հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարությունը նախատեսել էր 2025-2026 թվականներին օտար պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում առկա հին և մաշված ավտոմեքենաները փոխարինել նորերով։ Արտգործնախարարության նախկին ավտոմեքենաները տրամադրելով՝ բյուջեում հավելյալ ծախսեր չեն իրականացվի։

Կառավարության որոշմամբ պետական 52 մարմնից պետք է վերադարձվի 423 միավոր տրանսպորտային միջոց, որոնք կամրակցվեն պետական գույքի կառավարման կոմիտեին։ Առգրավված տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան։ Դրանց մեծ մասը վաճառվելու է։

Այս ծրագրի շրջանակներում Արտաքին գործերի նախարարության ծառայողական 15 մեքենաներից 14-ը կկրճատվի։

Մինչև նման կոշտ որոշումների ընդունում Հայաստանը միլիոնավոր դրամներ էր ծախսում ծառայողական ավտոմեքենաներ ձեռք բերելու համար։ Հատկապես մեծ քննարկումների առիթ էին դարձել 2024 թվականին գնված շուրջ 1 միլիարդ 38 միլիոնի ծառայողական մեքենաները։