Կառավարությունը մերժեց եկամուտների հայտարարագրումը չեղարկելու ընդդիմության նախագիծը

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին ընդդիմության օրենսդրական նախագիծը։

Կառավաարությունը պարզաբանեց, որ համակարգի չեղարկումը սկզբունքորեն անընդունելի է և չի համապատասխանում 2021-2026 թվականների ծրագրին։ Ֆինանսների նախարարությունը շեշտեց, որ այս համակարգը կարևոր է, քանի որ այն նաև հիմք է սոցիալական կրեդիտների համակարգի ներդրման համար։

Հարցին անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ որոշումը իրենց համար բարդ է եղել, բայց կարևոր։ Նրա խոսքով՝ դրանից օգտվում են համայնքները։

Օրինագիծը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցությունը, որը պնդում էր, որ համակարգը ոչ լիարժեք է, ավելորդ վարչարարություն է ստեղծում քաղաքացիների համար և կրկնակի բեռ դառնում պետության համար։

Հիշեցնենք, որ հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեն մինչև նոյեմբեր։ Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք։