ՀայաստանՔաղաքականություն

Խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրման

Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Բանակցությունները ավատրվել են։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Հայաստանից Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը տեղեկացրել են, որ Հայաստանը ընդունում է նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները:

Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ դեռևս ժամեր առաջ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են։ Նրա փոխանցմամբ՝ հայկական կողմը տեղեկացրել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց էին մնում:

Նախագծի երկու չհամաձայնեցված հոդվածները վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն և միջազգային հայցերից փոխադարձաբար հրաժարվելուն։ Թե ինչ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս հարցի շուրջ և թե ինչ զիջումների է գնացել Հայաստանը, դեռևս պարզ չէ։

Սակայն փաստն այն է, որ նման հայտարարության համար Հայաստանի կառավարությունը երկար ժամանակ է՝ հող էր նախապատրաստում։ Մարտի 12-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի Բաքվի վերջին խմբագրմանը՝ չբացառելով անգամ, որ համաձայնագիրը կստորագրվի։

Բայրամովը, սակայն, մարտի 13-ին նոր պահանջներ էր ներկայացրել՝ նշելով, որ Հայաստանը պետք է ոչ միայն փոխի իր Սահմանադրությունը, այլև պետք է պատասխանատվության ենթարկի «Հայաստանում գտնվող Ադրբեջանի դեմ հանցագործություններ կատարած անձանց»։

Պաշտոնական Երևանը այս մասին դեռ ոչ մի հայտարարություն չի տարածել։