
Հայ գերիների մասով Հայաստանը համաձայնություն չունի Ադրբեջանի հետ
Բաքվում գտնվող հայ գերիների մասով բոլոր հնարավոր հարթակներում Հայաստանն այդ հարցը բարձրաձայնել է, և եթե այդ հարցը չի լուծվել, դա նշանակում է, որ դեռ համաձայնություն չկա։ Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` «Քաղաքացիական պայմանագրի» անդամների հետ հանդիպումից առաջ։
Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ հայ գերիների հարցը հայկական կողմի օրակարգում է և բարձրացվում է ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում, սակայն հարցի լուծման համար անհրաժեշտ է համաձայնություն, որը դեռ չկա։
Եթե այս հարցը լուծված չէ, նշանակում է՝ դեռ համաձայնություն չկա: Մենք չենք դադարել այս խնդիրը բարձրացնել, և այն մնում է մեր առաջնահերթություններից մեկը,- նշել է Փաշինյանը:
Հարցին, թե արդյոք խաղաղության համաձայնագրով Հայաստանը պետք է Ադրբեջանին արտահանձնի Արցախյան առաջին պատերազմին մասնակցած հայերին, Փաշինյանն ասաց, որ այդ մասով համաձայնագրում որևէ դրույթ չկա` ավելացնելով, որ միակողմանի որևէ դրույթ չի ներառվել։
Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցին, Փաշինյանը նշեց, որ դրա հետ կապված որևէ քննարկում չկա ադրբեջանական կողմի հետ։ Նա նաև ընդգծեց, որ խաղաղության համաձայնագրի տեքստը լուծել է Ադրբեջանի սահմանադրության մեջ ՀՀ տարածքների նկատմամբ պահանջների մասով։
Դեռ նախորդ տարվա նոյեբերին Փաշինյանն անդրադարձել էր այն հարցին, թե ինչու Հայաստանը չի բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը՝ նշելով, որ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։ Նա ընդգծել էր, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որը արձանագրում է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու պայմանագրի իրագործման ձախողումը։
Մասնավորապես, Փաշինյանը նշել էր, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ունեցել Սահմանադրության հոդվածներում, և որ Սահմանադրության տեքստում Լեռնային Ղարաբաղի մասին որևէ դրույթ՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի, չի պարունակվում։