ՀայաստանՔաղաքականություն

Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցությունների արդյունքների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների արդյունքի մասին։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները զրուցել են հեռախոսով՝ քննարկելով նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։

Մասնավորապես, Փաշինյանը հաստատել է, որ կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 80-ամյակի շքերթին՝ Պուտինի հրավերով։

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ՌԴ նախագահը շեշտել է, որ Մոսկվան մշտապես աջակցել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ տարածաշրջանային կայունության, անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին հայտնի դարձավ՝ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի վերջին երկու կետերը, որոնք վերաբերում են Հայաստանից ԵՄ դիտորդական առաքելության դուրսբերմանը և միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելուն։

ՀԱՊԿ քարտուղարությունը նույնպես ողջունել է բանակցությունների ավարտի մասին հայտարարությունները՝ շեշտելով, որ համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում կայունության ապահովման ուղղությամբ։