ՀայաստանՔաղաքականություն

Ի՞նչ տարբերություն կա «Զանգեզուրի միջանցքի» և երկաթուղու վերաբացման միջև

Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման թեման դարձել է տարածաշրջանային քաղաքականության կարևորագույն հարցերից մեկը։ Այն առավել լայն ուշադրության կենտրոնում հայտնվեց 2020 թվականի Արցախյան պատերազմի ավարտից հետո, երբ Ադրբեջանը սկսեց ակտիվորեն առաջ տանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը։ Միաժամանակ, Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է քննարկել երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Սակայն այս երկու տարբերակներն ունեն էական տարբերություններ։

Չնայած այս հարցը երկար ժամանակ շահարկվում էր թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից, այնուամենայնիվ մարտի 13-ի՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտի մասին արված հայտարարությունից հետո այն կրկին հայտնվեց հասարակության ուշադրության կենտրոնում։

Մարտի 14-ին Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ադրբեջանի բեռները Հայաստանով կարող են անցնել Նախիջևան՝ երկաթուղու վերաբացման տարբերակով։ Սակայն այստեղ Հայաստանի և Ադրբեջանի շահերը միշտ բախվել են։ Ադրբեջանը առաջ է տանում «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, Հայաստանը՝ երկաթուղու բացման։ Այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Ադրբեջանը ինչ ռեժիմով էլ ճանապարհ ստանա, այն անվանելու է միջանցք:

Իսկ ի՞նչ տարբերություն կա այս երկուսի միջև։ Դրանք երկուսն էլ նախատեսված են Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ, Հայաստանի կապը՝ հարավի հետ պահելու համար։ Սակայն եթե «Զանգեզքուրի միջանցքը» պետք է գործի «Լաչինի միջանցքի» սկզբունքով, այսինքն՝ առանց հայ հսկիչների վերահսկողության, ապա երկաթուղու վերաբացումը նման բան չի ենթադրում։ Ավելի վաղ ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել էր, որ պատրաստ է բացել տրանսպորտային ուղիները, բայց Հայաստանի ինքնիշխանության սահմաններում:

Արարատ Միրզոյանը և այլ պաշտոնյաներ ընդգծել են, որ Սյունիքի տարածքով Ադրբեջանին տրամադրվող որևէ ճանապարհ չի լինելու «միջանցք» բառի իմաստով, այսինքն՝ չի գործելու առանց հայկական սահմանային և մաքսային վերահսկողության: Այնուամենայնիվ՝ այստեղ նույնպես որոշ բացեր են մնում․ Հայաստանը վերահսկելո՞ւ է արդյոք իր տարածքով անցնող բեռները, թե ոչ։ Հարցը մի քանի անգամ քննարկվել է Ազգային ժողովում, բայց կառավարությունը այդպես էլ «փակագծերը չի բացել»։

Հայաստանի հարևանների տեսակետներն էլ են այստեղ տարբերվում։ Ադրբեջանը և Թուրքիան Զանգեզուրի միջանցքը դիտարկում են որպես ռազմավարական նախագիծ, որը նրանց հնարավորություն կտա անխափան ցամաքային կապ հաստատել և ձևավորել «Թուրանական միջանցք»՝ Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա: Մինչդեռ Իրանը բազմաթիվ անգամներ այն «կարմիր գիծ» է համարել։

Մեղրիի երկաթուղին Խորհրդային տարիներին կառուցված երկաթուղային ուղի է, որը կապում էր Հայաստանը, Նախիջևանը, Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան։ Այն անցնում էր Հայաստանի Սյունիքի մարզով՝ Մեղրիի տարածքով։ Դեռևս 2022 թվականին կառավարությունը խոսում էր երկաթուղին վերանորոգելու մասին։ Ադրբեջանը արդեն ավարտել է կառուցման աշխատանքները։

Այնուամենայնիվ կարելի է եզրակացություն անել, որ Հայաստանը համաձայն է երկաթուղային կապի վերականգնմանը, քանի որ այն կարծես թե հավասար պայմաններ է ստեղծում Հայաստանի և Ադրբեջանի համար։ Այսինքն՝ միջազգային տարանցիկ ուղիների նման՝ ճանապարհը կվերահսկվի Հայաստաի մաքսային, սահմանային և անվտանգային ուժերի կողմից։