ՀայաստանՔաղաքականություն

Հատնի է, թե ինչի մեջ է մեղադրվում Վարդան Ղուկասյանը

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրում են ոչ թե կաշառք վերցնելու, այլ կաշառք պահանջելու մեջ։ Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ հավաքված լրագրողներին ասաց Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը՝ նշելով, որ հրապարակված ձայնագրությունները կոնտեքստից կտրված են և կարող են առնչվել գույքահարկի կամ օրինականացման վճարներին։

Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ Գյումրու համայնքապետն ու քաղաքի գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով, որ քաղաքացու կողմից Գարեգին Նժդեհի փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 քմ մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա էր քանդման, համաձայնության են եկել քաղաքացու հետ կոռուպցիոն գործարքի շուրջ։ Նրանք խոստացել են միջոցներ չձեռնարկել շինության քանդման ուղղությամբ և նույնիսկ կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ իբրև թե շինությունն ապամոնտաժվել և նորն է կառուցվել՝ այդ կերպ օրինականացնելով շինությունը։ Դրա դիմաց պահանջելով 4 միլիոն դրամ կաշառք։

Փաստաբանը շեշտել է, որ Գյումրու քաղաքապետը ցանկության դեպքում անգամ չէր կարող որևէ անօրինական շինություն օրինականացնել, քանի որ դրա ժամկետը լրացել է դեռևս 2004 թվականին։ Նա նաև հավելել է, որ Վարդան Ղուկասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Այս պահին Գյումրու քաղաքապետի գրասենյակում իրականացվում է խուզարկություն, իսկ նրան պատկանող ավտոմեքենաները, փաստաբանի տեղեկություններով, տեղափոխվել են տուգանային հրապարակ։ Ղուկասյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան, որտեղ քննարկվելու է նրա կալանքի միջնորդությունը։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ուժայինները ներխուժել էին Գյումրու քաղաքապետարան՝ Ղուկասյանին բերման ենթարկելու նպատակով։ Իրավապահները ձերբակալել են քաղաքապետարանի 8 աշխատակցի և 23 քաղաքացու։

Լարվածությունը Գյումրիում շարունակվում է։