ՀայաստանՔաղաքականություն

Բյուրական համայնքի նախկին ղեկավարի գործը դատարանում է

Բյուրական համայնքի նախկին ղեկավարի և վերջինիս տեղակալի նկատմամբ նախաքննությունն ավարտվել է: Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 5 միլիոն դրամ արժողությամբ հողամասերի հափշտակության և փաստաթղթեր կեղծելու գործով։ Համայնքի տեղակալն էլ մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնական փաստաթղթի կեղծման և օգտագործման մեջ։

Նախաքննության տվյալներով՝ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի նախկին ղեկավարը յուրացրել է համայնքի բնակչին պատկանող ավելի քան 0.15 հա և համայնքին պատկանող 0.1359 հա մակերեսով հողատարածքներ՝ դրանց նկատմամբ խաբեությամբ ձեռք բերելով սեփականության իրավունք։

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ համայնքի ղեկավարը անօրինական կերպով հանդես է եկել որպես համայնքի բնակիչ՝ ցանկանալով ձեռք բերել քաղաքացիներից մեկին պատկանող հողամասը։ Նրա փոխարեն համայնքի ղեկավարի պարտականությունները կատարել է իր տեղակալը։ Վերջինս, չունենալով համապատասխան լիազորություններ, կազմել և համայնքի ղեկավարին է տրամադրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ քաղվածք՝ նշված հողամասը 2014 թվականի հոկտեմբերի 29-ին իբր համայնքի ղեկավարին հատկացված լինելու վերաբերյալ։

2014 թվականի նոյեմբերին կեղծ փաստաթղթերը ներկայացվել են անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, որտեղից ստացված վկայականով Բյուրականի նախկին ղեկավարը գրանցել է սեփականության իրավունքը վերոնշյալ երկու հողամասերի նկատմամբ։

Դատախազության կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը փոխանցվել է դատարան, որտեղ գործը կքննվի։

Սեդա Մարտոյան