
Գործող Սահմանադրությունը չի խոչընդոտում խաղաղության գործընթացին, բայց մշակվում է նորը
Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ նոր Սահմանադրության տեքստի մշակման գործընթացը շարունակվում է, սակայն այս պահին դրա բովանդակության վերաբերյալ հրապարակային քննարկումներ չեն իրականացվում։ Նախարարը նշել է, որ տեքստը կներկայացվի հանրությանը, երբ պատրաստ լինի, և Սահմանադրության ընդունման կամ չընդունման որոշումը կկայացնի ժողովուրդը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «տարածաշրջանային նշանակության Սահմանադրության» անհրաժեշտության վերաբերյալ հայտարարության մասին հարցին ի պատասխան՝ Գալյանը նշել է, որ խոսքը վերաբերում է խաղաղությանը, խաղաղության պայմանագրին և գործընթացներին միտված հարաբերությունները չվտանգող Սահմանադրությանը։
Լրագրողների՝ Լեռնային Ղարաբաղին առնչվող դրույթների վերաբերյալ հարցին նախարարը պատասխանել է, որ Հայաստանի սահմանները արտացոլված են համապատասխան քարտեզներում, և կառավարությունը նպատակ ունի հաստատել խաղաղություն՝ առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ քաղաքացիներն ու պետությունը պետք է գործեն այնպես, որ չվտանգեն այդ գործընթացը։
Նախարարը ընդգծել է, որ գործող Սահմանադրությունը չի խոչընդոտում խաղաղության գործընթացին, սակայն կարևոր է, որ բոլորի վարքագիծը կառուցվի այնպես, որ չվտանգվի խաղաղության հաստատումը։