
Հայտնի է, թե որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կքննարկեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը
Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները առաջիկայում Սաուդյան Արաբիայում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորությունները։ Բացի այդ, երկու երկրների տեխնիկական խմբերը կանդրադառնան նաև Սևծովյան նախաձեռնության հարցերին։
Սրա մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սևծովյան նախաձեռնության վերսկսման հարցը։
Այստեղ կան բազմաթիվ նրբություններ, որոնք անհրաժեշտ է մանրամասն քննարկել,- նշել է Պեսկովը՝ հավելելով, որ այս նպատակով տեխնիկական խմբերը կհավաքվեն և կքննարկեն գործարքի բոլոր մանրամասները։
Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանն ունի Սևծովյան նախաձեռնության իրականացման փորձ, մասնավորապես՝ «հացահատիկի գործարքի» շրջանակներում։ Նրա խոսքով՝ Մոսկվան ժամանակին կատարել է բոլոր պայմանավորվածությունները, սակայն իր հանդեպ պարտավորությունները չեն իրականացվել, ինչի հետևանքով էլ 2023 թվականի հուլիսին Ռուսաստանը դուրս եկավ համաձայնագրից։
Հիշեցնենք, որ Սևծովյան նախաձեռնությունը, որը նաև հայտնի է որպես «հացահատիկի գործարք», նախատեսում էր Ուկրաինայից հացահատիկի արտահանում Սև ծովի նավահանգիստներից, ինչպես նաև ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանում դեպի միջազգային շուկաներ։