ՀայաստանՔաղաքականություն

Գյումրիում ձերբակալություններ են․ ընդդիմադիրները՝ թիրախի տակ

Մարտի 30-ին կայանալիք Գյումրիի ավագանու ընտրություններին ընդառաջ մարտի 27-ին զանգվածային խուզարկություններ են իրականացրել ընդդիմադիր ուժերից երկուսի՝ «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքների գրասենյակներում։ Գյումրիի համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը՝ Կամո Գրիգորյանը և որդին տնից բերման են ենթարկվել:

Բացի այդ՝ տեղեկություններ են տարածվել նաև, որ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե: Նրա հետ հանդիպման էր գնացել Մարդու իրավունքների պաշտպանը։

Ձերբակալվել է նաև Գյումրու ավագանու անդամի թեկնածու Կարեն Գրիգորյանը։

Դեռևս մարտի 27-ի առավոտյան «Մայր Հայաստան» դաշինքի համայնքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ խուզարկվել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակը, շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանը։

Քննչական գործողություններ են իրականացվել նաև «Մեր Քաղաքը» դաշինքի նախընտրական շտաբում:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակում ընտրակաշառքի և բարեգործության արգելքի խախտման դեպքեր են բացահայտվել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտենից տեղեկացնում են, որ այս փաստերով արդեն քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Հետաքննության տվյալներով՝ որոշ ընտրողներին առաջարկվել է գումար՝ կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար։

Այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի նախավերջին օրն է։ Արդեն երկու օր է, ինչ ընդդիմադիր ներկայացուցիչների նկատմամբ տարբեր գործողություններ են իրականացվում։ Նախօրեին Սարիկ Մինասյանը հայտարարել էր, որ «կուսակցություններից մեկի առաջին համարը Թուրքիայի կացության քարտ ունի»։ Այս հայտարարությանն արձագանքել էր ընդդիմադիր «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության համայնքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը՝ նշելով, որ Թուրքիայի ժամանակավոր կացության իր 2 քարտերի ժամկետները լրացած են:

Մարտի 26-ին էլ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» դաշինքի ղեկավար Վարդան Ղուկասյանի վերաբերյալ էին ձայնագրություններ տարածվել, որտեղ նա հայհոյախառն բնույթի արտահայտություններ էր անում։

Ընտրություններին ընդհանուր առմամբ 9 ուժ է մասնակցում: Ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին։