
Գյումրիում և Փարաքարում ընտրություններն ավարտվել են
Շիրակի մարզի Գյումրի համայնքի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանիների արտահերթ ընտրությունների քվեարկությունը 20:00-ին ավարտվել է։
Գյումրու ՏԻՄ ընտրությույունների քվեարկությանը մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 42․66%-ը, ինչը էականորեն գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը՝ 24․14%-ը։ 111 236 անձանցից քվեարկությանը մասնակցել է 47 452 ընտրող։
Փարաքարում համայնքում էլ ընտրության իրավունք ունեցող 20 967 անձանցից քվեարկությանը մասնակցել է 11 526 ընտրող կամ 54,97%-ը։
Քվեարկութայն ընթացքում Գյումրու 22 տեղամասերում արձանագրվել են խախտումներ։ ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում։
Մասնավորապես՝
— քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու՝ 1,
— խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու՝ 1,
— քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 2,
— ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու 2 հաղորդում։
Որպես պատահար գրանցված 14 հաղորդումներից 4 ահազանգ ստացվել է քաղաքացիներից, իսկ 6-ը՝ մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումներից։
Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման համար բացվել էր 82 ընտրական տեղամաս, Փարաքարում՝ 16:
Քվեարկության ավարտից հետո իրականացվում է քվեաթերթիկների հաշվարկ։