
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի ֆինանսավորմանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Հայաստանը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը իր որոշման մասին։ Ըստ ԱԳՆ-ի՝ Հայաստանը ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշման ստորագրումից և կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։
Գերատեսչությունից հավելել են, որ ՀԱՊԿ ներքին ընթացակարգերով կազմակերպության բյուջեի վերաբերյալ մանրամասները չեն ենթարկվում հանրային հրապարակման։
Եթե Հայաստանը մինչև 2025-ի ավարտը ՀԱՊԿ բյուջե չվճարի իր բաժին ֆինանսավորումը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են տարբեր սցենարներ դիտարկել»։ Մոսկվայից այսպես են արձագանքել այն հարցին, թե ինչ է սպասվում Հայաստանին պարտքերը չմարելու դեպքում։
Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերությունները սրվել են 2021 թվականից հետո։ Այդ տարի Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի սուվերեն տարածք։ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, սակայն ռազմական աջակցություն չստացավ։ 2024 թվականի սեպտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։