ՀայաստանՔաղաքականություն

Գյումրիի և Փարաքարի ընտրություններում արձանագրվել են մի շարք խախտումներ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնաբանել է մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցած տեղական ընտրությունների ընթացքում արձանագրված խնդիրները։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ իրականացված մշտադիտարկման ընթացքում ուսումնասիրվել է ավելի քան 300 հրապարակում, որոնցում նշվել են տարբեր խախտումներ՝ կապված ընտրողների ուղղորդումների, կողմնակի անձանց ներկայության, քվեարկության գաղտնիության խախտման և այլ խնդիրների հետ։

Բացի այդ, հատուկ ուշադրություն է դարձվել լրագրողների և դիտորդների աշխատանքին խոչընդոտող հանգամանքներին։ Ընտրական տեղամասերում գրանցվել են նաև հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված մատչելիությանը՝ նրանց համար քվեարկության սենյակների դժվար հասանելիություն, սանհանգույցների և լուսավորության հետ կապված խնդիրներ։

Հատկանշական է, որ որոշ տեղամասերի քվեարկության սենյակները նշված էին որպես առաջին հարկում գտնվողներ, սակայն իրականում դրանք գտնվում էին նկուղային հարկում, իսկ մուտքը միայն աստիճաններով էր հնարավոր։

Արձանագրվել են նաև խոշորացույցների և բրայլյան կաղապարների օգտագործման և հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրության մասին տեղեկատվության մատչելիության պակասի խնդիրներ։

Ընդհանուր առմամբ, ընտրությունների ժամանակ արձանագրվել է նաև հասարակության բևեռացումը և խտրական խոսքը, ինչը անթույլատրելի է։ Այս հարցերը կհամփոփվեն և համապատասխան գրություններ կհասցեագրվեն պետական մարմիններին։

«Հայաքվե» նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանը հայտարարել է, իրենց դիտորդները Գյումրիում տարատեսակ խախտումներ են արձանագրել։

Ըստ նրա՝ հիմնական խախտումները տեղի են ունենում 31/69, 31/70 ընտրատեղամասերում։ Պետրոսյանի խոսքով՝ տեղի է ունեցել բաց քվերակություն, որի ընթացքում հանձնաժողովի նախագահը ոչ թե կանխել է այդ քվեարկությունը (պետք է ոչնչացներ ծրարը եւ նորը տար), այլ գցել է քվեատուփի մեջ:

Պետրոսյանը հայտնել է, որ նույն մեքենաներով մարդկանց են պարբերաբար բերել տեսղամասեր, կուտակումներ են եղել ընտրատեղամասերի առաջ, ընտրողի անվան դիմաց ստորագրություն է եղել՝ նրա մոտենալու պահին և այլն:

Դիտորդների կողմից արձանագրվել են նաև ընտրատեղամասերի անբավարար լուսավորության, հեռարձակման, ընտրատեղամասերի քվեարկության ուշացման, քվեախցիկի դիրքի և այլ խախտումներ։