ՀայաստանՔաղաքականություն

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը կալանավորվել է

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է կաշառքի գործով հարուցված քրեական վարույթի շրջանակում։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր գրավը և վարչական հսկողությունը։ Դատարանը նոր որոշմամբ որոշել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ երկու ամսով։ Չնայած այդ ամենին՝ նա դեռևս չի հեռացվել աշխատանքից։

Արսեն Կարոյանը ձերբակալվել էր մարտի 4-ին։ Նրան վերագրվում է առերևույթ կաշառք ստանալու դեպք։

Նույն քրեական գործի շրջանակում փետրվարին քննչական գործողություններ են իրականացվել Երևանի քաղաքապետարանում, ինչի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Վարույթով անցնում է 11 մեղադրյալ, որոնցից 4-ը կալանավորված են։

Քրեական վարույթը շարունակվում է։