
Ազգային ժողովի նախկին պատգամավորից 15 անշարժ գույք և 6 միլիարդ դրամ կբռնագանձվի
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 6 միլիարդ դրամ և 15 անշարժ գույք։ Մասնավորապես՝
— 5 անշարժ գույք՝ Երևանում, 6 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ գույք՝ Ծաղկաձորում, 1 անշարժ գույք՝ Սուրենավան գյուղում, 1 անշարժ գույք՝ Արարատում.
— 1 կառուցապատման իրավունք.
— 1 տրանսպորտային միջոց.
— 1 իրավաբանական անձում մասնակցություն.
— ավելի քանի 6 միլիարդ 76 միլիոն դրամ:
Արայիկ Գրիգորյանը 2003-2007 թվականներին Հայ հեղափոխական դաշնակցության կազմում ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ 1995 թվականից՝ Արարատի մարզի Ավշարի գինու գործարանի խորհրդի նախագահն է։
Արայիկ Գրիգորյանի եղբայրը՝ Արամայիս Գրիգորյանը, 2024 թվականին նույնպես անցնում էր դատական գործընթացով։ Գլխավոր դատախազությունը պահանջում էր նրանից բռնագրավել 46 անշարժ գույք և շուրջ 100 միլիոն դրամ։