ՀայաստանՔաղաքականություն

Հատուկ բանագնացները կրկին հանդիպել են․ ի՞նչ են քննարկել

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպել են Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Հանդիպման մասին տեղեկացրել է Ռուբեն Ռուբինյանը՝ գրառում անելով իր X էջում՝ նշելով, որ կողմերն ունեցել են լավ քննարկում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Թուրքական կողմը ևս անդրադարձել է հանդիպմանը։ Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը նշել է, որ շփումները շարունակվում են, սակայն նոր հանդիպման կոնկրետ ժամկետ դեռ չկա։

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների թեմային՝ Քըլըչը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է, որ այդ հարցին արդեն անդրադարձել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխությունները։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդգրկված են Անթալիայի այս տարվա դիվանագիտական համաժողովի մասնակիցների թվում։ Հայաստանի ԱԳ նախարարը ապրիլի 12-ին հանդիպում կունենա նաև Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Համաժողովը անցկացվում է ապրիլի 11-13-ը։ Նշենք, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել էին նաև նախորդ տարվա համաժողովին։