ՀայաստանՔաղաքականություն

ԱՄՆ-ն սպառնում է արտաքսել անօրինական կերպով բնակվող հայերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր երդմնակալությունից հետո հայտարարել էր, որ անօրինական կերպով ԱՄՆ-ում բնակվող ներգաղթյալները կարտաքսվեն։ Հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն կարող է արտաքսել 2808 հայերի։ Այսօր՝ ապրիլի 14-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարեց, որ «եթե ճանաչում եք Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձանց, խրախուսեք նրանց հեռանալ՝ նախքան պետական մարմինների կողմից բացահայտվելը»։

ԱՄՆ Ներքին անվտանգության դեպարտամենտը (DHS) ավելի վաղ հայտարարել էր, որ 14 տարեկանից բարձր յուրաքանչյուր ներգաղթյալ, ով առանց փաստաթղթերի է մուտք գործել ԱՄՆ, պետք է կառավարությանը տրամադրի իր հասցեն ու մատնահետքերը։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ներգաղթյալները չտրամադրեն իրենց տվյալները կամ չգրանցվեն․

— Չգրանցվելը կարող է պատժվել մինչև 5000 ԱՄՆ դոլար տուգանքով կամ մինչև վեց ամիս ազատազրկմամբ։
— Գրանցման ապացույց չներկայացնելը կարող է պատժվել մինչև 5000 ԱՄՆ դոլար տուգանքով կամ մինչև 30 օր ազատազրկմամբ։
— Հասցեի փոփոխությունից հետո 10 օրվա ընթացքում կառավարությանը չտեղեկացնելը կարող է պատժվել մինչև 200 ԱՄՆ դոլար տուգանքով կամ մինչև 30 օր ազատազրկմամբ։
— Առանձին քրեական հանցագործություն և արտաքսման հիմք կա նաև կեղծ ցուցմունքների միջոցով գրանցվելու համար։

Չնայած այն բանին, որ կա վտանգ՝ արտաքսվելու կամ քրեական հետապնդման ենթարկվելու, սա դեռ դատավճիռ չէ։ ԱՄՆ-ում կան կազմակերպություններ, որոնք օգնում են այս մարդկանց։ Օրինակ՝ «National Immigration Law Center»-ը տրամադրում է տեղեկատվություն և աջակցություն։ Կենտրոնը խորհուրդ է տալիս, որ մարդիկ լավ իմանան իրենց իրավունքները և պատրաստ լինեն, եթե երբևէ հանդիպեն միգրացիոն ծառայությունների ներկայացուցիչներին։

ԱՄՆ-ն նախկինում ևս նման որոշումներ ընդունել և արտաքսել է հազարավոր ներգաղթյալների։ Օրինակ՝ 1940 թվականին գործել է «Այլմոլորակայինների գրանցման մասին» օրենքը։ Այն պահանջում էր ներգաղթյալներին գրանցվել իրենց տեղական փոստային բաժանմունքում։ Գրանցումից հետո՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, ճապոնական ծագմամբ հազարավոր մարդիկ կալանավորվեցին։ 2001 թվականին էլ ստեղծվեց «Ազգային անվտանգության մուտքի-ելքի գրանցման համակարգը»՝ NSEERS անվամբ։ Այն թիրախավորեց 24 մուսուլմանական երկրների և Հյուսիսային Կորեայի հազարավոր ներգաղթյալների։ Կառավարությունը ստիպեց 83,000 մարդու գրանցվել, որոնցից 13,000-ը հետո արտաքսվեցին։

Կարևոր է իմանալ նաև ԱՄՆ «Ներգաղթի մասին» օրենքի դրույթներից մեկը․ այն անձին, ով ավելի քան մեկ տարի ապրել է ԱՄՆ-ում առանց փաստաթղթերի կարգավիճակով, 10 տարով արգելվում է նորից մուտք գործել ԱՄՆ։