
Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին դատավորի գույքը
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցը, որով պահանջվում է բռնագանձել նախկին դատավոր Արտակ Բարսեղյանի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքի մի մասը։
Հայցադիմումը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործին։ Դատախազության գնահատմամբ՝ Արտակ Բարսեղյանը չի կարողացել հիմնավորել մի շարք գույքային միջոցների օրինական աղբյուրը։
Պահանջը ներառում է՝
— երկու անշարժ գույքի բռնագանձում,
— մասնակցության իրավունք երկու ընկերություններում,
— 77 մլն 692 հազար դրամ, որպես ապօրինի ծագում ունեցող եկամուտների մնացորդ,
— 14 մլն 955 հազար դրամ, որի ծագումը չի հիմնավորվել և փոխանցվել է անհայտ անձանց կամ բարեխիղճ ձեռք բերողների։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2023 թվականին բավարարել էր Արտակ Բարսեղյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը։ Արտակ Բարսեղյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր է եղել 2009 թվականից: Մինչ այդ նա 1999 թվականից մինչև 2001 թվականը եղել է Արարատի մարզի Առաջին ատյանի դատարանի դատավոր։