ՀայաստանՔաղաքականություն

Ազգային ժողովը մերժեց համընդհանուր հայտարարագրման համակարգը չեղարկելու նախագիծը

Հայաստանի ազգային ժողովը մերժեց «Հայաստան» խմբակցության առաջարկած նախագիծը, որը նպատակ ուներ չեղարկել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Օրինագծին կողմ քվեարկեց 27 պատգամավոր, դեմ՝ 59-ը, ձեռնպահ մնաց 1-ը։

Նախագծի վերաբերյալ ավելի վաղ՝ մարտի 13-ին, կառավարության նիստում տրվել էր բացասական եզրակացություն։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մինչ քվեարկությունը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին։

Ի պատասխան՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ելույթ ունենալով վարման կարգով, քաղաքացիներին հորդորեց չվստահել իշխանություններին՝ նշելով, որ նախաձեռնությունը սոցիալական պաշտպանության հետ կապ չունի։ Նրա խոսքով՝ իշխանությունների նպատակն իրականում լրացուցիչ հարկեր սահմանելն է։

Հիշեցնենք, որ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն վարձու աշխատողները և քաղաքացիաիրավական պայմանագրերով եկամուտ ստացած քաղաքացիները։ Սկզբում սահմանված վերջնաժամկետը մայիսի 1-ն էր, սակայն այն հետաձգվել է մինչև նոյեմբեր։

Նշենք, որ հայտարարագիր ներկայացրած անձինք սոցիալական որոշ ծախսերի դեպքում կարող են օգտվել փոխհատուցման մեխանիզմից։ Վերադարձման առավելագույն չափը սահմանված է տարեկան 100 հազար դրամ։