
Փարաքարում համայնքապետ ընտրվեց
Ապրիլի 16-ին կայացած ավագանու առաջին նիստում «Միասնություն» դաշինքի առաջնորդ Վալոդյա Գրիգորյանը պաշտոնապես ընտրվեց Փարաքար համայնքի ղեկավար։
Նիստին չէին մասնակցում ՔՊ խմբակցության անդամները և համայնքի նախկին ղեկավար, «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Դավիթ Մինասյանը։ Նույն կուսակցության մյուս անդամը մասնակցել է նիստին և կողմ է քվեարկել օրակարգի բոլոր հարցերին։
Ավագանու որոշմամբ՝ Վալոդյա Գրիգորյանի երդմնակալությունը տեղի կունենա ապրիլի 19-ին։ Նույն օրը նա կստանձնի համայնքի ղեկավարի լիազորությունները։
Արտահերթ ՏԻՄ ընտրություններում, որոնք կայացել էին մարտի 30-ին, Գրիգորյանը հավաքել էր ընտրողների ձայների 57 տոկոսը։
Հիշեցնենք՝ մարտի 30-ին Փարաքար համայնքում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ավագանու 7 մանդատ, «Միասնություն» դաշինքը՝ 12, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 2: «Կայունություն» կուսակցությունն անցողիկ շեմը չի հաղթահարել։