
Երևանի նախկին քաղաքապետը կանգնելու է դատարանի առաջ՝ միլիոնավոր դրամների հողամասեր յուրացնելու մեղադրանքով
Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ հարուցված աղմկահարույց քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի՝ տարիներ շարունակ Բեգլարյանը սեփական շահի համար օգտագործել է պաշտոնը՝ քաղաքի գույքը տարբեր ձևերով դարձնելով իր կամ իր հարազատների սեփականություն։ Նա նման գործունեությամբ է զբաղվել 2004-2017 թվականներին։
Խոսքը վերաբերում է 27 անշարժ գույքի, որոնց շուկայական ընդհանուր արժեքը գերազանցում է 2 միլիարդ 300 միլիոն դրամը։ Դրանց թվում է, օրինակ, Կենտրոն վարչական շրջանին պատկանող նախկին թիվ 140 մանկապարտեզի տարածքը, որը գնահատվում է ավելի քան 233 միլիոն դրամ։ Ըստ գործի նյութերի՝ Բեգլարյանը կազմակերպել է, որ մանկապարտեզը վերակազմակերպվի և միացվի մեկ այլ հաստատության, հետո էլ տարածքը, փաստացի, փոխանցվել է իր մտերիմներին, հետո՝ իր հորը։ Ամեն ինչ արվել է ձևական փաստաթղթերով, իսկ գույքի իրական արժեքը մի քանի անգամ գերազանցել է գնման գումարը։
Նշվում է, որ նման սցենարով սեփականացվել են նաև մնացած գույքերը՝ երբեմն ձևական աճուրդների, երբեմն նվիրատվությունների միջոցով։
Բացի այդ, նրան մեղադրում են փողերի լվացման մեջ։
Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Կենտրոնի նախկին ղեկավարին ու նրա տեղակալին։ Նշվում է, որ Բեգլարյանը նախաքննության ընթացքում վերադարձրել է մոտ 210 միլիոն դրամ, բայց 27 գույքի վրա առայժմ արգելանք է դրվել։
Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը 2004-2010 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար։