
Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ում Ռուսաստանի դեմ բանաձևին
Հայաստանը կողմ է հանդես եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևին, որը արձանագրում է ռուսական ագրեսիան Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ։ Փաստաթուղթը վերնագրված է «Համագործակցություն ՄԱԿ-ի և տարածաշրջանային ու այլ կազմակերպությունների միջև. համագործակցություն ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի միջև»։
Բանաձևն ընդունվել է 105 կողմ, 9 դեմ և 33 ձեռնպահ ձայներով։ Դեմ քվեարկածների թվում են Ռուսաստանը, Չինաստանը, Կուբան և ԱՄՆ-ն։ Ադրբեջանն ու Իսրայելը քվեարկությանը չեն մասնակցել։
Փաստաթղթի նախաբանում ընդգծվում է ռուսական ագրեսիան Ուկրաինայի և Վրաստանի հանդեպ։ Նշվում է նաև Ուկրաինայի դեմ ՌԴ ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալ ստեղծելու գործընթացը։
ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջոնաթան Շրայերը հայտարարել է, որ իրենց երկիրը գնահատում է Եվրոպայի խորհրդի գործունեությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ուղղությամբ։ Սակայն, ըստ նրա, այս բանաձևում ընդգրկված որոշ ձևակերպումներ, հատկապես Ուկրաինայի վերաբերյալ, չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Միաժամանակ, ԱՄՆ հույս է հայտնում, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները կաջակցեն խաղաղության հաստատմանն Ուկրաինայում։
Ավելացնենք, որ Հայաստանը ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդ։