ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների գործընթացը. իրավական անհրաժեշտություն թե քաղաքական նպատակահարմարություն

Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը վերջին ամիսներին նոր թափ է ստացել քաղաքական, իրավական և հանրային քննարկումների լայն շրջանակներում։ Թեման հատկապես սրվեց այն բանից հետո, երբ Ադրբեջանը պաշտոնապես դժգոհություն հայտնեց Հայաստանի Սահմանադրության նախաբանում առկա ՀՀ Անկախության հռչակագրին հղման վերաբերյալ։
Ադրբեջանի կարծիքով՝ այդ հղման միջոցով Հայաստանն անուղղակի կերպով հավակնություն է արտահայտում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ հակասելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը հանրային քննարկման դաշտ է մտել 2024 թվականի մայիսից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց մշակել նոր Սահմանադրություն՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։

Սակայն արդյոք սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը բխում է Հայաստանի ներքին իրավաքաղաքական զարգացումներից, թե՞ հանդիսանում է զիջում արտաքին ճնշումներին։ Այս հարցը շարունակում է մնալ քննարկումների առանցքում։

Իշխանությունը պնդում է,որ սահմանադրական փոփոխությունները պայմանավորված են ոչ թե արտաքին պահանջներով, այլ ներքին քաղաքական և ինստիտուցիոնալ զարգացման անհրաժեշտությամբ։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ գործող Սահմանադրությունն ունի որոշակի թերություններ՝ հատկապես սոցիալական իրավունքների ոլորտում։ Սակայն մինչ այս պահը չի ներկայացվել որևէ հստակ օրինակ կամ նախագիծ, թե հատկապես որ դրույթներն են փոփոխման ենթակա։

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը, սակայն, զգուշությամբ է մոտենում սահմանադրական փոփոխություններին, հատկապես այս փուլում։ Նրա կարծիքով՝ այժմ չկա իրավաբանորեն հիմնավորված փաստարկ, որը կարդարացնի նոր Սահմանադրության մշակման անհրաժեշտությունը։ Նա կարծում է, որ այդ որոշումը բխում է քաղաքական նպատակահարմարությունից, ինչը անթույլատրելի է։

Սահմանադրագետը հատուկ ուշադրություն է դարձնում ՀՀ Սահմանադրության նախաբանում ամրագրված ՀՀ Անկախության հռչակագրին հավատարմությանը, որը, նրա խոսքով, ունի ոչ միայն խորհրդանշական, այլև իրավաքաղաքական նշանակություն։

Ադրբեջանը, ըստ Մելոյանի, հատկապես խնդրահարույց է համարում հռչակագրում նշված Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին դրույթը և հենց այդ պատճառով է պահանջում Անկախության հռչակագրի հիշատակումն ամբողջությամբ հանել Սահմանադրությունից։

Սահմանադրագետի մտահոգությունների առանցքում է նաև սահմանադրական ինքնիշխանության կորուստի վտանգը։ Նա զգուշացնում է, որ արտաքին ճնշումների ազդեցությամբ կատարվող սահմանադրական փոփոխությունները կարող են լուրջ հարված լինել երկրի ինքնիշխանությանը։

Այս համատեքստում կարևոր է անդրադառնալ նաև սահմանադրական փոփոխությունների ընդունման ընթացակարգերին և դրանց շուրջ եղած մտահոգություններին։
Ըստ Սահմանադրության՝ ամբողջությամբ նոր Սահմանադրության ընդունումը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով, իսկ առանձին փոփոխությունները նաև Ազգային ժողովի միջոցով։

Նա նաև նշել է, որ Սահմանադրության լեգիտիմությունը ապահովելու համար գործընթացը պետք է իրականացվի թափանցիկության և մասնակցայնության սկզբունքով։ Սակայն այժմ, նրա խոսքով, գործընթացը ծայրաստիճան մեկուսացված է, և չի ներառում հասարակական սեկտորի, քաղաքական ընդդիմադիր և իշխանական ուժերի, գիտական և մասնագիտական շրջանակների մասնակցությունը։

Սեդա Մարտոյան