
Եվրամիության դիտորդական առաքելությունը հաստատել է ադրբեջանական կրակոցների հետևանքները Խոզնավարում
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում։ Դիտորդները հաստատել են, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցների հետևանքով Խոզնավար գյուղում վնասվել է բնակելի տներից մեկի տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչը։
Զատկի հանգստյան օրերին Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը 27 պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում՝ ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը։ Խոզնավարում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է երկու կրակոցների հետևանքները, որոնք հնարավոր է՝ արձակվել են տեղանքում առկա ադրբեջանական դիրքերից՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքը, — նշված է դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։
Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել այն «հնարավոր է» արտահայտությունը։ Ի՞նչ կարող է սա նշանակել։ Դիտորդական առաքելությունը արձագանքում, բայց չի հաստատում, որ կրակոցների հստակ հեղինակները ադրբեջանցիներն են։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ապրիլի 21-ին հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 20-ին, ժամը 02:30-ի սահմաններում կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Բացի այդ՝ մարտի 31-ին ադրբեջանցիները կրակել էին Խնածախի գյուղապետի տան ուղղությամբ, ապրիլի 13-ին՝ Խնածախի մշակույթի տան։