ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանը դեսպանատուն կբացի Օմանի Սուլթանությունում

Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Օմանի Սուլթանությունում դեսպանություն հիմնելու մասին։ Համապատասխան նախագիծը քննարկվել և հաստատվել է գործադիրի նիստում։ Դեսպանության նստավայրը կլինի Օմանի մայրաքաղաք Մասկատը։

Նախագծի համաձայն, դեսպանության բացման նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը կտրամադրվի 51 մլն 880 հազար դրամ կառավարության պահուստային ֆոնդից։ Ըստ հիմնավորման՝ վերջին տարիներին հայ-օմանական հարաբերություններում արձանագրվում է ակտիվություն, և առկա է համագործակցության մեծ ներուժ՝ հատկապես փոխադարձ առևտրի, բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության, ՏՏ, կրթության, գիտության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։

Նախագծում նաև ընդգծվում է, որ Օմանի Սուլթանությունը տարածաշրջանում ճանաչվում է որպես չեզոք և հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարող պետություն, ինչը նպաստում է տարածաշրջանային երկխոսության և համագործակցության խորացմանը։

Դեսպանության ստեղծման ընդհանուր ծախսերը կկազմեն շուրջ 345.7 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 133.8 մլն դրամ։ 2025 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածի ընթացիկ ծախսերը նախատեսվում են մոտ 211.7 հազար դոլար, իսկ դեսպանության սարքավորումն ու անհրաժեշտ գնումներն ապահովելու համար նախատեսվում է լրացուցիչ 134 հազար դոլարի հատկացում։