ԱշխարհՔաղաքականություն

Կիևը և Վաշինգտոնը ստորագրել են համաձայնագիր հազվագյուտ մետաղների համատեղ արդյունաբերության վերաբերյալ

Ուկրաինան և ԱՄՆ-ն ստորագրել են կարևոր ռազմավարական համաձայնագիր, որը նախատեսում է հազվագյուտ մետաղների համատեղ արդյունաբերություն և ամերիկա-ուկրաինական ներդրումային հիմնադրամի ստեղծում՝ Ուկրաինայի վերականգնման նպատակով։

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ այս համագործակցությունը կամրապնդի երկու երկրների տնտեսական կապերն ու կարագացնի Ուկրաինայի վերակառուցման գործընթացը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել է, որ Վաշինգտոնը այս կերպ վերահաստատում է իր հանձնառությունը՝ կանգնեցնելու ռուս-ուկրաինական «դաժան և անիմաստ պատերազմը»՝ ընդգծելով Թրամփի վարչակազմի հավատարմությունը խաղաղության գործընթացին։

Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն գնահատել է համաձայնագիրը որպես փոխշահավետ, իսկ վարչապետ Դենիս Շմիհալը վստահեցրել է, որ Կիևը կպահի վերահսկողությունը իր ընդերքի, ռեսուրսների և ենթակառուցվածքների նկատմամբ։ Նա նաև ընդգծել է, որ գործարքը որևէ կերպ չի խոչընդոտում Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը։

Հիշեցնենք, որ փետրվարին նույն համաձայնագիրը ձախողվել էր Վլադիմիր Զելենսկու Վաշինգտոն կատարած այցի ընթացքում՝ ԱՄՆ ղեկավարության և ուկրաինացի նախագահի միջև առաջացած լարվածության պատճառով։

Ըստ Financial Times-ի՝ ԱՄՆ-ն հետաքրքրված է Ուկրաինայի կարևորագույն ռեսուրսներով և փորձում է հասանելիություն ստանալ դրանց, այդ թվում՝ ատոմային էներգետիկ ակտիվներին։

Նորաստեղծ ներդրումային հիմնադրամը, ըստ կողմերի, առաջիկա 10 տարում միջոցներ կհատկացնի Ուկրաինայի տնտեսական վերականգնման և զարգացման համար։