
Գյումրիում նոր փոխքաղաքապետեր են նշանակվել
Քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան՝ իրավաբան Ավետիս Առաքելյանը, 17 կողմ և 13 ձեռնպահ ձայներով դարձավ քաղաքապետի առաջին տեղակալ։ Նույնքան ձայներով, առանց դեմ քվեների, փոխքաղաքապետ նշանակվեց նաև Գագիկ Մանուկյանը։
Նիստին ներկա էին ավագանու բոլոր խմբակցությունները։ Բացի փոխքաղաքապետերից, ընտրվեցին նաև մշտական հանձնաժողովների նախագահներն ու քարտուղարները։
Ավետիս Առաքելյանը մասնագիտությամբ իրավաբան է, ոստիկանության ավագ լեյտենանտ։ Նա Սամվել Բալասանյանի օրոք «Հայկական վերածնունդ» խմբակցության կազմում եղել է Գյումրիի ավագանու անդամ։ Ավետիս Առաքելյանը նաև աշխատել է որպես ճարտարագետ-չափագետ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում։ Ներկայումս գլխավորում է «Կոմունիստական կուսակցություն» խմբակցությունը։
Գագիկ Մանուկյանը, ով նույնպես ընտրվեց փոխքաղաքապետ, մասնագիտությամբ մանկավարժ է և տնտեսագետ։ Նա արդեն երկար ճանապարհ ունի անցած Վարդան Ղուկասյանի հետ։ Վերջինիս պաշտոնավարման տարիներին Մանուկյանը տեղակալ է եղել։ Բացի այդ նա նախկինում եղել է Լեննականի քաղաքային խորհրդի պատգամավոր, իսկ 1999-2003 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։