
Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը քննարկելու վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը մերժվեց
Մայիսի 6-ին Ազգային ժողովում մեկնարկած հերթական նիստի ընթացքում քննարկվել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը։
Քվեարկության արդյունքում ձայների 28 կողմ, 1 ձեռնպահ, 47 դեմ հարաբերակցությամբ նախագիծը մերժվեց։
Քննարկման ընթացքում հիմնական զեկուցող, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ նախաձեռնությունն ուղղված է Ազգային ժողովում տեղի ունեցած կոնկրետ միջադեպի ուսումնասիրությանը։ Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածը՝ նա առաջարկեց ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու նպատակով։ Հանձնաժողովը նախատեսվում էր կազմել 5 անդամից և սահմանել դրա գործունեության առավելագույն ժամկետը՝ մինչև 2 ամիս։
Նախաձեռնող խմբակցությունների ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ հարցը ծագել է 2025 թվականի մարտի 20-ին Ազգային ժողովի միջանցքում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Անդրանիկ Քոչարյանը, ըստ հաղորդման, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսևորել է ակնհայտ անհարգալից և խտրական վերաբերմունք՝ ասելով «շուրթերդ մաքրիր» և արգելելով կանգնել իր կողքին՝ նշելով, թե «դուք լրագրող չեք»։
Նման հանձնաժողովը գործունակ չի լինի և չի լուծի այդ խնդիրը, քանի որ լինելու է մեծամասնության հանձնաժողով և բացի այդ էլ գործընթացը բաց շղթա է լինելու, որտեղ մեծամասնությունը ունենալու է ավելի մեծ հնարավորություններ և անհավասար պայմաններ են ստեղծվելու,- իր ելույթում նշեց պետաիրավակն հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը։
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ներկայացրել էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։