
Պաշտոնյան դատապարտվել է 5 տարվա ազատազրկման խոշոր չափերով կաշառքներ ստանալու համար
Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հրայր Կարապետյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։ Դատարանի վճռով նրան նշանակվել է նաև լրացուցիչ պատիժ․ նա 5 տարի ժամկետով զրկվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հրայր Կարապետյանը 2024 թվականի հունիսի 17-ին ՊՈԱԿ-ներից մեկի տնօրեն Ն.Խ.-ից պահանջել և ստացել է 4000 ԱՄՆ դոլար կաշառք՝ վերջինիս՝ վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնում նշանակմանը նպաստելու համար։ Արդյունքում՝ Ն.Խ.-ն օգոստոսի 9-ին նշանակվել է նշված պաշտոնում։
Բացի այդ, Հրայր Կարապետյանը նույն ՊՈԱԿ-ի ուսուցչուհի Ա.Մ.-ին տնօրենի պաշտոնակատարի պաշտոնին առաջադրելու համար Ն.Խ.-ի միջոցով պահանջել է 1500 դոլարին համարժեք գումար, որից սկզբում ստացել է 1000 դոլար, նշանակումից հետո՝ ևս 500 դոլար։ Ա.Մ.-ն օգոստոսի 14-ին նշանակվել է ՊՈԱԿ-ի տնօրեն։
Դատախազությունը Հրայր Կարապետյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը՝ երկու դրվագով)։ Ն.Խ.-ն մեղադրվել է կաշառք տալու (հոդված 436, մաս 1) և կաշառքի միջնորդության (հոդված 437, մաս 2, կետ 1) համար, իսկ Ա.Մ.-ն՝ կաշառք տալու համար։
Դատարանի որոշմամբ Ն.Խ.-ն դատապարտվել է 1 տարի 7 ամսվա ազատազրկման, իսկ Ա.Մ.-ն՝ 1 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ 2024 թվականին նույն մեղադրանքով ձերբակալվել էին նաև Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը և նույն բաժնի ավագ մասնագետը։