ՀայաստանՔաղաքականություն

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, թե երբ պատրաստ կլինի նոր Սահմանադրությունը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարում է՝ առաջիկա 10 ամիսների ընթացքում կավարտվի նոր Սահմանադրության նախագծի կազմման աշխատանքը։

Նրա խոսքով՝ մինչ այս գործընթացը ղեկավարում էր մասնագիտացված հանձնաժողովը, որն արդեն մշակել է հայեցակարգային փաստաթուղթ։ Այժմ աշխատանքների առաջնորդությունը վերապահվել է նախարարությանը, և փաստաթղթի մշակումը կատարվում է նախարարության ներքին ռեսուրսների միջոցով։ Լրագրողների այն հարցին, թե ինչ նպատակով է հանձնաժողովին շուրջ 60 միլիոն դրամի աշխատավարձ հատկացվել, Գալյանը պարզաբանել է՝ գումարը վերաբերում է նախորդ փուլում կատարված հայեցակարգային աշխատանքի դիմաց վճարվող հոնորարներին։

Նախարարի հավաստմամբ՝ նոր Սահմանադրության տեքստում կներառվեն նաև հանձնաժողովի մշակած հայեցակարգի որոշ դրույթներ։ Հանրաքվեի հնարավոր ժամկետի վերաբերյալ Գալյանը հստակեցում չտվեց՝ նշելով, որ նախ պետք է ամբողջանա տեքստը։ Դրանից հետո առանձին հատվածներ կներկայացվեն հանրային քննարկման, իսկ վերջնական տարբերակը կներկայացվի հանրաքվեի։

Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականի օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Նա նշեց, որ համաձայնեցվել է 16 հոդվածից 13-ը։

Խաղաղության պայմանագրի շրջանակներում հաճախ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում էր, թե այն կկնքվի այն դեպքում, երբ Հայաստանը նոր Սահմանադրություն կընդունի, քանի որ Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան։ Մասնավորապես, Բաքվի մեկնաբանությամբ՝ Հայաստանի մայր օրենքում առկա հղումը՝ 1990 թվականին ընդունված Հռչակագիրը, Ադրբեջանից տարածքային պահանջներ է ենթադրում: Ալիևը նշել է, որ Հայաստանի Սահմանադրության տեքստում առկա տարածքային պահանջներն Ադրբեջանի համար խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր խոչընդոտն են։

Չնայած վերոնշյալին՝ Գալյանը շեշտել էր, որ գործող Սահմանադրությունը որևէ խոչընդոտ չի պարունակում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի իրականացման համար։ Նա նշեց, որ Հայաստանում Սահմանադրության փոփոխության հարցը բարձրաձայնվել է դեռևս հեղափոխությունից հետո։